Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել - RadioVan.fm

Онлайн

Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել

2020-09-17 17:57 , Политика, 736

Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել

Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ է հատկացրել բուժհաստատություններին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ընդգծում են՝ սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ:

«Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,-նշել է պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով աշխատանքային այց կատարած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:

«Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,-ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть