«Ո՛չ ազգայինի և առաջադեմի հակադրությանը»․ նախարարի հրաժարականի պահանջով դաշնակցականների երթը կայացավ - RadioVan.fm

Онлайн

«Ո՛չ ազգայինի և առաջադեմի հակադրությանը»․ նախարարի հրաժարականի պահանջով դաշնակցականների երթը կայացավ  

2020-09-16 20:10 , Политика, 623

«Ո՛չ ազգայինի և առաջադեմի հակադրությանը»․ նախարարի հրաժարականի պահանջով դաշնակցականների երթը կայացավ

Կայացավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) Հայաստանի երիտասարդական միության «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթը։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության» համար դաշնակցական երիտասարդները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Երթի մասնակիցներն իրենց հետ տանում էին զանգի պատկերով պաստառ, որի վրա գրված էր․

«Ո՛չ քաոսին և ապաշնորհությանը, ո՛չ ազգայինի և առաջադեմի հակադրությանը»։

Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկած Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով երթը ավարտվեց ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք, որ երթի մասնակիցների անվտանգությունը հսկում էր ոստիկանությունը՝ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ։ Ի դեպ, մինչ երթի մեկնարկը, նրա և ակցիայի մասնակիցներից մեկի միջև լեզվակռիվ եղավ՝ դիմակի կրման կարգի խախտման պատճառով։ Տղամարդը վրդովվեց, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաներին կարելի է դիմակ չկրել, քաղաքացիներին՝ ոչ։

«Իրանց վիրուսը չի կպնում, մեզ կպնում ա, հա՞»,-հեգնեց քաղաքացին, ինչին ի պատասխան ոստիկանության գնդապետ Խուդինյանը հորդորեց նախ տոնը իջեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը օրակարգ էին բերել նաև մոտ մեկ տարի առաջ՝ նշելով, որ նրա հետագա պաշտոնավարումը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան։ ՀՅԴ Երիատասարդական միրությունը, մասնավորապես, որպես նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի փաստեր նշել էին հետևյալ օրինակները․

-դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը,

-բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը,

-ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը),

-թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть