«Միշտ կլինեմ քո կողքին»․ Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել արյունաբանականում բուժվողներին - RadioVan.fm

Онлайн

«Միշտ կլինեմ քո կողքին»․ Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել արյունաբանականում բուժվողներին

2020-09-18 18:44 , Общество, 1110

«Միշտ կլինեմ քո կողքին»․ Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել արյունաբանականում բուժվողներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ներկայում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Այդ մասին հայտնում է վարչապետի տիկինը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

«Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:

Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո»,-մասնավորապես գրել է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան էլ ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ վարչապետի տիկինը հայտնել էր, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները, որը ստանձնել էր 2018 թվականից։

Նշենք՝ 2014 թվականին հիմնադրված «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց։

«Մեր առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Այդ առաքելությունը կատարելու ճանապարհին մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացնելու համար։ Մեր նպատակն է աջակցել նաև բժիշկներին և բուժ հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում իրենց պացիենտների համար։ Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Հոգաբարձուների Խորհրդի կողմից, որը բաղկացած է մի խումբ նվիրյալներից, որոնք հավատում են, որ, միավորելով ուժերը, մենք կարող ենք շատ բան փոխել»,-նշված է հիմնադրամի պաշտոնական կայքի «Մեր մասին» բաժնում։

Лента

Рекомендуем посмотреть