Պուտինը, Լի Քեցյանը, Թրամփը շնորհավորել են Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Պուտինը, Լի Քեցյանը, Թրամփը շնորհավորել են Փաշինյանին

2020-09-21 17:33 , Политика, 984

Պուտինը, Լի Քեցյանը, Թրամփը շնորհավորել են Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Պուտինն իր ուղերձում շեշտել է, որ Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները:

«Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-կարդում ենք վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության հրապարակած՝ Ռուսաստանի նախագահի ուղերձում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանն էլ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքներին և լավագույն բարեմաղթանքներին կից գրել է

«Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին, Հայաստանի Հանրապետությանը՝ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում ասված է

«Մեծարգո վարչապետ,

Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում:

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»։

Лента

Рекомендуем посмотреть