«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայ Յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 8-ին՝ ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:
Երեք քաղաքական ուժի հայտարարությունում նշվում է, որ 2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ, սակայն անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։
Իշխանությունն, ըստ նշյալ ուժերի, ձախողել է ամենուրեք, վտանգված է երկրի զարգացման հեռանկարը, ուստի, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը՝ հանրահավաք է հրավիրվում։