«Այս վճռական պահին պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»․ Տոնոյանը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Այս վճռական պահին պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»․ Տոնոյանը ուղերձ է հղել

2020-09-27 13:16 , Общество, 1016

«Այս վճռական պահին պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»․ Տոնոյանը ուղերձ է հղել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ է հղել, որում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ:

Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:

Արդեն իսկ ակներև է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն:

Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն:

Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ,

Միասնության շնորհիվ են կերտվել մեր պատմության բոլոր հաղթանակները: Վստահ եմ, որ այս վճռական պահին մենք միասնաբար, պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն»:

Հիեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Արցախի պաշտպանական գեատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակիառաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։ Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել նաև Հայաստանում։

Лента

Рекомендуем посмотреть