«Կիսամեռած էլ լինեմ, մի ոտքս էլ աշխատի՝ կգնամ»․ ՀՅԴ կամավորները հավաքվել են առաջնագիծ մեկնելու - RadioVan.fm

Онлайн

«Կիսամեռած էլ լինեմ, մի ոտքս էլ աշխատի՝ կգնամ»․ ՀՅԴ կամավորները հավաքվել են առաջնագիծ մեկնելու  

2020-09-27 16:41 , Общество, 1169

«Կիսամեռած էլ լինեմ, մի ոտքս էլ աշխատի՝ կգնամ»․ ՀՅԴ կամավորները հավաքվել են առաջնագիծ մեկնելու

«Ամոթ կլինի ինձ համար, որ թույլ տամ օտարի ոտքը մտնի էս հողը, էս հողը ինձ համար սրբություն է», «Հայ զինվորը պատրաստ կանգնած է, ոգին տեղը, հզոր, անպարտ, մենք էլ գնանք՝ շարունակությունը թող իրենք անհանգստանան» Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության կամավորները ճակատ մեկնելու նպատակով հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ, սպասում են ՀՀ պաշտպանության նախարարության հրահանգներին։

«Թուրքերի հայտարարությունը իմ մեջ արթնացրեց իմ պապերի, հորս փոխանցած էն զայրույթը, էն ստորացումը, որ Թուրքիան է բերել։ Հիմա իմ մեջ խոսում է վիրավորանքը որպես հայ հալածված լինել էդ պետության կողմից․․․կիսամեռած էլ լինեմ, մի ոտքս էլ աշխատի՝ ես դուրս կգնամ, որպեսզի էդ բիծը մեր ազգի վրայից դուրս գա, որ Եղեռնի ենք ենթարկվել էդ ազգի ու դրա ճյուղավորում՝ ազերիների կողմից։ Էնպես որ, մի զարմացեք, եթե էստեղ, նույնիսկ, 80 տարեկան մարդ տեսնեք»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Վաչագան Մարդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ մինչ հավաքը գնդապետ, Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ Արտաշես Մխիթարյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների անունից հայտարարություն էր տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, զինակիցներ։

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հիման վրա գործող Կամավորական շարժման անունից կոչ ենք անում այս վճռական պահին, երբ Հայրենիքի կրկին գտնվում է վտանգի մեջ, երբ թշնամին նոր հարձակում է սկսել ճակատի ողջ երկայնքով, համախմվել, մեկտեղել բոլոր ուժերը, կանգնել Հայրենիքի պաշտպանության ճակատում, լինել մեր Երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերի, Արցախի Պաշտպանության Բանակի կողքին։ Կոչ ենք անում, հարկ եղած դեպքում կատարել կամավորական աշխատանք, յուրաքանչյուրս իր կարողությունների շրջանակում, առանց ինքնագործունեության ենթարկվել պատասխանատուների հրահանգներին:

Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։

Այս վճռական պահին, երբ թշնամին հերթական փորձն է անում հարվածել մեր Ազատամարտի հաղթական արդյունք Արցախի հանրապետությանը, յուրաքանչյուրիս պարտքն է դառնալ կամավոր եւ մեր երկրի պաշտպան։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտական, երբեմն ոչ մասնագիտական կարողություններով կարող ենք աջակցել, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներով դիմակայենք ագրեսիվ հակառակորդին:

Ինչպես 2016 թվականի ապրիլյան օրերին, այնպես էլ այսօր ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ:

Կամավորական շարժման անդամներն արդեն կազմ պատրաստ են, կատարելու մեր երկրի ռազմական ղեկավարության հրահանգները։

Մեզ կարող են միանալ բոլորը, կամավորագրվելով մեր երկրի պաշտպանությանը։ Կարող եք դիմել մեզ ներկայանալով Երեւան, Հանրապետության 30 հասցեով կամ զանգահարել 521502 հեռախոսահամարով։

«Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 12:30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ»:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքով միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть