Մենք պարտադրելու ենք զինադադար, եթե խնդրենք՝ դա կլինի Հայաստանի վախճանը. Արայիկ Հարությունյան - RadioVan.fm

Онлайн

Մենք պարտադրելու ենք զինադադար, եթե խնդրենք՝ դա կլինի Հայաստանի վախճանը. Արայիկ Հարությունյան

2020-09-29 22:12 , Политика, 1572

Մենք պարտադրելու ենք զինադադար, եթե խնդրենք՝ դա կլինի Հայաստանի վախճանը. Արայիկ Հարությունյան

«Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պիտի պարտադրենք զինադադար: Եթե խնդրենք զինադադար՝ դա կլինի Հայաստանի վախճանը, ոչ թե՝ Արցախի, որովհետև, տեսնում եք, կռվում ենք թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Հորադիսը, Լաչինը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով: Դրա համար բոլորս պետք է հասկանանք մեր քայլից, մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան, և պետք է փորձենք ապրել»,-այդ մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կամավորականների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ հակառակորդին խփելու են այնքան, մինչև ուշքի գան:

«Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:

Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:

Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը՝ հրապարակելով նաև կամավորականների հետ հանդիպումից տեսանյութ:

Ավելի ուշ Արցախի նախագահը Հայաստանի փոխվարչապետի հետ մոմավառության լուսանկար է հրապարակել՝ գրելով.

«Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խորը հավատքի շնորհիվ:

Աղոթում ենք մեր ժողովրդի համար, մեր բոլոր այն տղաների համար, ովքեր արիաբար պաշտպանում են հող հայրենին, աղոթում ենք մեր հերոս նահատակների հիշատակի համար, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին հանուն հայրենիքի...

Աստված պահապան բոլորիս»:

Րոպեներ առաջ էլ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

«Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,-գրել է Արցախի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть