«Չգիտեի, որ պետք է կռվեմ»․ Ղարաբաղի դեմ կռվող վարձկանը BBC-ին պատմել է - RadioVan.fm

Онлайн

«Չգիտեի, որ պետք է կռվեմ»․ Ղարաբաղի դեմ կռվող վարձկանը BBC-ին պատմել է

2020-10-01 01:47 , Общество, 1881

«Չգիտեի, որ պետք է կռվեմ»․ Ղարաբաղի դեմ կռվող վարձկանը  BBC-ին պատմել է

Մինչ Ղարաբաղում պատերազմի սկսվելը՝ Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, նրանք արդեն իսկ կրել են մարտական կորուստներ: Այս մասին BBC-ի արաբական ծառայությանն ասել է այդ վարձկաններից մեկը:

«17-30 տարեկան մի քանի հարյուր տղամարդ, որոնք Թուրքիայի կողմից վերահսկվող անկլավների բնակիչներն են և Սիրիայի հյուսիսում հակաասադական ուժեր, հավաքագրվել են «Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ազգային բանակի իմացությամբ»»,-պարբերականի հաղորդմամբ՝ ասել է Սիրիացի Աբդուլլան (անունը փոխվել է իր խնդրանքով)՝ վստահեցնելով, որ ինքը չի իմացել, որ գնում է կռվելու:

«Անցյալ շաբաթ Սիրիայի ազգային բանակի Համզայի ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրն առաջարկեց մեզ գնալ Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական դիրքերը պահելու համար՝ ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձով»,- ասել է Աբդուլլան BBC-ի հետ մեսենջերային նամակագրության մեջ:

Նրա խոսքով ՝ սեպտեմբերի 27-ին իրեն և ընկերներին տարել են առաջնագիծ, որտեղ նրանք ընկել են կրակի տակ և կորուստներ կրել. չորս սիրիացի զոհվել է: Հենակետում, որտեղ նրանք տեղակայված են, Աբդուլլան տեսել է տասը հայրենակիցների մարմիններ և մոտ 70 վիրավորներ:

BBC-ի զրուցակիցը միաժամանակ նշել է, որ Ադրբեջանում նորակոչիկների մեծ մասը ոչ թե Ասադի հետ մարտերում կոփված մարտիկներ են, այլ խաղաղ, անպատրաստ քաղաքացիներ, և առաջին կորուստներից հետո նրանք խնդրել են տուն գնալ, սակայն մերժվել են՝ բանտարկման սպառնալիքով:

Նշենք՝ սիրիացի վարձկանների՝ ադրբեջանական բանակի կազմում Ղարաբաղի դեմ կռվելու մասին օրեր առաջ հաղորդել էին միջազգային հեղինակավոր Reuters և TheGuardian լրատվամիջոցները:

Այսօր էլ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարությամբ կոչ է արել շահագրգիռ պետությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և անհապաղ դուրս բերել նրանց տարածաշրջանից:

Лента

Рекомендуем посмотреть