«Չինարի գյուղում իրավիճակը հանգիստ է, դիրքը մեր ձեռքում է, առօրյան ընթանում է բնականոն հունով, բոլորն իրենց ցավին ու դարդին են»,-այդ մասին քիչ առաջ Ռադիովանի հետ զրույցում վստահեցրեց Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը՝ հորդորելով բոլորիս հանգիստ լինել:
Գյուղապետի հետ զրույցի մանրամասները՝ աուդիոնյութում.
Հիշեցնենք այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում», — ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը», — հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: «Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», — նշված է հաղորդագրությունում: