Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: Այդ մասին գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրատվամիջոցի այն հարցին, թե ի՞նչ պետք է անի Գերմանիան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա»:
Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել՝ ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ: