«Գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, և շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այժմ, նոր խորհրդատուի առկայությամբ մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները կմտնեն գործնական փուլ և դրանք առաջին հերթին պետք է սկսվեն երթուղային նոր ցանցի տեխնիկական մշակումից»,-այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ հանդիպմանը: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ակնկալում են ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: «Բացի այդ, կարևոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձևավորենք և ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող և առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց»,-ասել է Վահե Նիկոյանը:
«Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ ընկերությունը, սկզբնական ուսումնասիրման փուլում ծանոթանալով գործող ցանցին և խնդիրներին, առաջիկա ամիսներին դրանք կամփոփի և կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը:
Ընկերության հետ կնքված պայմանագրով կմշակվի նաև ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ: