«Երեխաները կարիք ունեն ուշադրության, պատերազմից, վախից, մտքերից կտրվելու»․արցախցի փոքրիկների համար ՀՀ-ում ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել - RadioVan.fm

Онлайн

«Երեխաները կարիք ունեն ուշադրության, պատերազմից, վախից, մտքերից կտրվելու»․արցախցի փոքրիկների համար ՀՀ-ում ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել  

2020-10-10 16:20 , Общество, 1624

«Երեխաները կարիք ունեն ուշադրության, պատերազմից, վախից, մտքերից կտրվելու»․արցախցի փոքրիկների համար ՀՀ-ում ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Մանուելը, Դայանան, Էդուարդը, Դանիելան, Էդմոնը և Արցախից այս օրերին Հայաստան եկած տասնյակ երեխաներ այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում էին, որի կինոդահլիճում հատուկ նրանց համար կինոդիտում էր կազմակերպված։

«Արցախից եկած երեխաները կարիք ունեն ուշադրության, պատերազմից, վախից, մտքերից կտրվելու։ Կազմակերպիչները լրջորեն հավատում են, որ արվեստը օգելու է երեխաների հոգեվիճակին և զբաղվածությանը»,-լրագրողներիս հետ զրույցում ասաց միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այսօրվա ցուցադրության համար ընտրվել է «Ձյունանուշ» հայկական հեքիաթ-ֆիլմը։

«Մանկական ֆիլմեր են ընտրվել, որոնցում բռնություն չլինի, հոգեբանական լարվածություն չլինի»-ասաց Հարություն Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագիրը շարունակական է լինելու։

Երեխաները ուրախ էին և գոհ նախաձեռնությունից, նշում էին՝ սիրում են ֆիլմեր, թեև նրանց հետ զրույցից պարզ դարձավ, որ գիտակցում են՝ ինչու են Հայաստանում։

«Արդեն 11 օր է՝ Հայաստանում եմ, Ստեփանակերտում կռիվ է սկսվել», «Արցախում թուրքերը կռիվ են սկսել և մենք եկել ենք այստեղ։ Ուզում են մեր Ստեփանակերտը վերցնեն»,-նշում էին փոքրիկները, և հարցին, թե մենք հակառակորդին ի՞նչ ենք պատասխանում՝ միաբերան բարձրաձայնում՝ «Հաղթելու ենք»։

Ծնողները ևս գոհ էին նախաձեռնությունից։

«Մեր բալիկները փոքր-ինչ ցրվում են, հավանաբար, մոռանում են, թե ինչ է տեղի ունենում հիմա Ստեփանակերտում։ Հայաստան ենք եկել պատերազմի հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 28-ին, ու, բարեբախտաբար, մեր բալիկները չեն հասցրել լսել այն սարսափելի պայթյունների ձայները, դրա համար նրանց հիմա ավելի թեթև է, քան այն երեխաների համար, ովքեր հիմա Ստեփանակերտում են՝ նկուղներում։ Նրանք, իհարկե, գիտակցում են՝ ինչ է կատարվում, հեռուստացույց են դիտում, տեսնում են, որ տները փլված են, հարցնում են՝ իրենց դպրոցը կանգու՞ն է, թե՝ դրանք էլ են հրետակոծել։ Մենք նրանց բացատրում ենք, ասում ենք, որ այս ամենը կավարտվի, մեր ամուսինները, հայրերը, եղբայրները պայքարում են, որ իրենք այլևս պատերազմ չտեսնեն։ Հավատում ենք, որ սա վերջինն է և մեր երեխաները, թոռնիկներն այլևս երբեք պատերազմ չեն տեսնի»,- «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց դահլիճում գտնվող մայրերից մեկը։

Նշենք՝ ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արցախա-ադրբեջանական սահամագոտու ողջ երկայնքով Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները, որոնք այս օրերին զուգահեռաբար հրթիռահրետակոծություններով ընթանում էին Արցախի ավելի քան 100 բնակավայրերում, այսօր՝ 12։00-ից, պետք է դադարեին․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ երեկ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը, որը1994թ․ հրադադարից ի վեր ամենաարյունալին ու լայնամասշտաբն էր, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդը, մինչ հրադադարի ուժի մեջ մտնելը, այսօր ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակել է մարտական գործողությունները՝ լայնորեն կիրառելով հարվածային թռչող սարքեր՝ առավել թեժացնելով մարտերը հարավային ուղղությամբ:

Միաժամանակ թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը․ հրետակոծվել է Ստեփանակերտը, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկվել Հադրութի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակի՝ 16։00-ի սահմաններում Ֆեյսբուքում կատարած գրառմամբ հաղորդվել է, որ ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին, նշենք, ի կատարումն հոկտմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության, հրամայվել է դադարեցնել կրակը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть