ԵՊՀ ուսանողի սպանության գործով կասկածյալը կալանավորված է - RadioVan.fm

Онлайн

ԵՊՀ ուսանողի սպանության գործով կասկածյալը կալանավորված է

2017-01-16 20:25 , Общество, 799

ԵՊՀ ուսանողի սպանության գործով կասկածյալը կալանավորված է

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի պետհամալսարանի (ԵՊՀ) 1-ին կուրսի ուսանողին` նույն համալսարանի այլ ֆակուլտետի ուսանող Վահե Մուրադյանի սպանության, վերջինիս համակուրսեցի Ռաֆֆի Մարտիրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Այդ մասին հաղորդում են Հայաստանի քննչական կոմիտից:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված 1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց», — ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Քննչական կոմիտեն՝ նախնական քննության տվյալներով վիճաբանության պատճառ է դարձել հնչեցված մի արտահայտություն, որի շուրջ պարզաբանումներ տալու համար տուժողները հրավիրվել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավար։ Նախատեսված վայրում կողմերը հանդիպման են գնացել ընկերների հետ միասին, որտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Վ.Մուրադյանը և Ռ.Մարտիրոսյանն ստացել են կտրող-ծակող մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը դադարել է պատահական անցորդի միջամտության արդյունքում, ինչից հետո առերևույթ հանցագործություն կատարած անձն իր ընկերների հետ դիմել է փախուստի:

Նրա բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոխրագույն ծալովի դանակ. կասկածյալի հայտարարության համաձայն` նշված դանակով է հարվածներ հասցրել Մուրադյանին և Մարտիրոսյանին:

Նախաքննությունը շարունակվում է: Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Лента

Рекомендуем посмотреть