«Թող մեր երգը Աստծուն հասնի և թշնամու թևերը թուլացնի». Կոնսերվատորիայի բակում հնչեցին ռազմերգեր` գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնածներին - RadioVan.fm

Онлайн

«Թող մեր երգը Աստծուն հասնի և թշնամու թևերը թուլացնի». Կոնսերվատորիայի բակում հնչեցին ռազմերգեր` գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնածներին  

2020-10-14 18:31 , Общество, 1274

«Թող մեր երգը Աստծուն հասնի և թշնամու թևերը թուլացնի». Կոնսերվատորիայի բակում հնչեցին ռազմերգեր` գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնածներին

«Խուժան ասկյար զորք ժողովեր,
Եկել հայոց բերդն է պատել,
Սուլթան կուզէ ջնջել մըզի,
Զարթնի´ր, լաո, մըռնիմ քըզի...».

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակը և հանդիպակաց մայթեզրն այսօր երեկոյան մի կուռ բռունցք էր դարձել՝ ռազմահայրենասիրական ու ոգեղեն երգերի հնչյունների ներքո:

Այս օրերին, երբ քաջ հայորդիները կենաց-մահու պայքար են մղում Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ արցախյան ճակատի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմում՝ թիկունքում հաղթանակի սպասող հազարավոր հայերի ոգին բարձր պահելու, նրանց գոտեպնդելու համար կոնսերվատորիայի բակում սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և Գյումրիից ժամանած երաժիշտները «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք» խորագրով խոնարհումի համերգ էին կազմակերպել:

Կազմակերպիչների խոսքով՝ պատերազմների ժամանակ մշակույթը երբեք չի դադարել գոյություն ունենալ, ավելին՝ հաճախ հենց պատերազմների ընթացքում են գրվել համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնց օգնությամբ զինվորները սխրանքներ են գործել, դիմակայել զրկանքներին։

«Հիմի էլ լռենք», «Զարթնի´ր, լաո», «Էրզրումի երգ», «Ազատամարտի արծիվները», «Կիլիկիա», «Գևորգ Չաուշի երգ», «Գետաշեն». այս և էլի մի քանի ռազմահայրենասիրական երգերի խրոխտ հնչյունները՝ կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և բազմաթիվ քաղաքացիների կատարմամբ թևածում էին մայրաքաղաքի երկնքում՝ կրկին փաստելով հայի անպարտ ոգու և հզոր հավատի մասին:

Ի դեպ, ներկաներին բաժանվել էին գրքույկներ՝ երգերի տեքստերով, որպեսզի նրանք էլ երգչախմբի հետ միասին միահամուռ կերպով նույն գաղափարի մասը դառնան։

Թե´ երաժիշտներին, թե´ քաղաքացիներին համակել էր ոգևորությունը և հպարտությունը:

«Շատ ոգևորող նախաձեռնություն է, բարձրացնում է հայրենասիրական ոգին, պայքարելու ուժը եռապատկում է», «Թող մեր երգը Աստծուն հասնի և այդ թշնամու թևերը թուլացնի, որպեսզի մեր զինվորների մազը չծռվի»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշում էին ներկաները:

Դե, իսկ, երաժիշտներին համակել էր մի զգացողություն՝ հպարտություն՝ իրենց կատարումներով զինվորի կողքին լինելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երաժշտական գոտեպնդող կոչ-համերգի նախաձեռնությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյանինն էր, որի որդին, ինչպես հազարավոր հայորդիներ, այս օրերին ռազմաճակատում է:

«Տղաս մեկնեց ռազմի դաշտ և ես խոստացա չհուզվել` ժամանակը չէ հիմա: Այսօր, երբ որդիս այնտեղ է, ես պետք է ուժ տամ բոլոր զինվորներին, մայրերին, իսկ երգը և վախը անհամատեղելի են»,-հուզմունքը խեղդելով կոկորդում «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Նատալի Գալստյանը:

Նրա հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք, որ երաժշտական կոչն իրականացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից օգտագործելով հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 18 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, ինտենսիվ մարտեր են ընթանում։ Հակառակորդը միաժամանակ հրթիռահրետակոծության է ենթարկում Արցախի ավելի քան 100 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև մարդասիրական նպատակներով ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ հակառակորդն այսօր էլ ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակում է մարտական գործողությունները՝ միաժամանակ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть