Հոսպիտալի գնդակոծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Հոսպիտալի գնդակոծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ

2020-10-15 10:18 , Общество, 1311

Հոսպիտալի գնդակոծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱՀ ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության հետ կապված:

Հայտարարությունում ասված է.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։

Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:

Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է տարածել հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկից՝ կից գրելով.

«Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին» ։

Лента

Рекомендуем посмотреть