Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով այս օրերին սպանվել է 1, ծանր վիրավորում է ստացել 3 երեխա - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով այս օրերին սպանվել է 1, ծանր վիրավորում է ստացել 3 երեխա

2020-10-15 18:18 , Общество, 1087

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով այս օրերին սպանվել է 1, ծանր վիրավորում է ստացել 3 երեխա

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սպանվել է 1, ծանր վիրավորում է ստացել 3 երեխա։ Այս պահի տվյալներն է ամփոփել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ նշելով, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում (ԱՀ) իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ:

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում նաև նշվում է․

«Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, ով 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա:

Մեծապես վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։ Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են։ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս համայնքների դպրոցները, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կազմակերպել են հեռավար դասեր։ Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել»:

Ի հեճուկս 2020 թ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է սեպտեմբերի 27-ից սկսած ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։

Այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Ժամեր առաջ հայկական կողմը հայտնել է, որ հարավում ծանր ու համառ մարտեր են ընթանում։

Լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

Лента

Рекомендуем посмотреть