«Պատերազմի 20-րդ օրը, երբ ճակատամարտի ելքը վճռված է` ի օգուտ մեզ, Պոմպեոն նոր հիշեց, թե ով է ագրեսոր և ով է կրակի վրա յուղ լցնողը»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ արած հայտարարությանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարը The Erick Erickson Show on WSB Atlanta-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների գործողություններին։
Նա Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան՝ ասել է․
«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ։ ․․․Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան դիմակայել ադրբեջանցիների գործողություններին ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»։