«Պետք է պաշտպանենք Սյունիքը». հանրապետության հարավային դարպասի պաշտպանությանը կամավորներ են պետք - RadioVan.fm

Онлайн

«Պետք է պաշտպանենք Սյունիքը». հանրապետության հարավային դարպասի պաշտպանությանը կամավորներ են պետք

2020-10-19 13:05 , Общество, 1155

«Պետք է պաշտպանենք Սյունիքը». հանրապետության հարավային դարպասի պաշտպանությանը կամավորներ են պետք

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչով դիմել է քաղաքացիներին․

«Հարգելի՛ սյունեցիներ

Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաև թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։

Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետևեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով և ինչպես կարող եք, օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։

Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի և մեր զավակների ապագայի»:

Նշենք՝ ժամեր առաջ հայտարարություններ են տարածել նաև Մեղրիի և Քաջարանի համայնքապետարանները:

«Մեղրի համայքնի հարգելի քաղաքացիներ,

Հայրենի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։

Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ (Մեղրիի մշակույթի կենտրոն կամ համայնքապետարան)»,-ասված է Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչում էլ ասված է.

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:

Лента

Рекомендуем посмотреть