«Եթե օգտակար չլինենք՝ կխենթանանք սպասումից»․ հայ մայրերն ու քույրերը առաջնագծի համար սիրով շաղախված քողարկիչ ցանցեր են գործում - RadioVan.fm

Онлайн

«Եթե օգտակար չլինենք՝ կխենթանանք սպասումից»․ հայ մայրերն ու քույրերը առաջնագծի համար սիրով շաղախված քողարկիչ ցանցեր են գործում  

2020-10-21 18:42 , Общество, 1760

«Եթե օգտակար չլինենք՝ կխենթանանք սպասումից»․ հայ մայրերն ու քույրերը առաջնագծի համար սիրով շաղախված քողարկիչ ցանցեր են գործում

Այս օրերին, երբ քաջ հայորդիները կենաց-մահու պայքար են մղում Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ արցախյան ճակատի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմում՝ թիկունքում հայ մայրերը աջակից են լինում ճակատին ինչով կարող են։

«Արեգնազան» երկհարկանի կրթահամալիրն այս օրերին վերածվել է արհեստանոցի․ արցախա-ադրբեջանական սահմանագծում պատերազմի վերսկսկման առաջին իսկ օրվանից դպրոցի ուսուցիչների և ծնողների նախաձեռնությամբ սկսվել է ռազմաճակատի համար քողարկիչ ցանցերի գործման աշխատանքներ, որին արդեն միացել են բազմաթիվ կամավորներ։ Աշխատանքները կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգմամբ։

Հայ կանայք ու աղջիկները՝ մեծից փոքր, ժպիտով, օրհնությամբ ու աղոթքով կտորները տեսակավորում, կտրատում, այնուհետ գործած ցանցի վրա խնամքով ամրացնում են՝ հույսով, որ շուտով պատերազմը կդադարի, և քաջ հայորդիները տուն կվերադառնան։ Պատրաստի ցանցերն ամեն երեկո փոխանցվում են նախարարությանը, որն էլ իր հերթին դրանք ուղարկում է ռազմաճակատ։

«Եթե օգտակար չլինենք՝ կխենթանանք լարվածությունից ու լուռ սպասելուց։ Էսպես գոնե գիտենք, որ պիտանի ենք, և ամեն մեկիս արած ներդրումը մոտեցնում է հաղթանակին»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց կրթահամալիրի սաներից մեկի մայրը՝ Լուսինեն։

Դպրոց-արհեստանոցի աշխատանքային եռուզեռի մանրամասները՝ տեսանյութում։

Կամավորական աշխատանքներին միացել է նաև 54-ամյա Մարինե Եփրեմյանը, որի 30-ամյա որդին ռազմի դաշտում է։ Օրեր շարունակ որդուց լուր չունեցող մայրը գտել է լարվածությունը թուլացնելու և զինվորներին որևէ կերպ աջակցելու ճանապարհը։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում տիկին Մարինեն ասաց՝ ոգևորվում է կատարած աշխատանքով, ինչը օգնում է հաղթահարել լարված վիճակը և հավատալ, որ արծիվ հայորդիները հաղթանակած տուն են վերադառնալու։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից օգտագործելով հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 25 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, ինտենսիվ մարտեր են ընթանում։ Հակառակորդը միաժամանակ հրթիռահրետակոծության է ենթարկում Արցախի ավելի քան 100 բնակավայրեր, հրթիռակոծվել է նաև Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին, այնուհետ հոկտեմբերի 17-ին մարդասիրական նպատակներով ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ հակառակորդն այսօր էլ ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակում է մարտական գործողությունները՝ միաժամանակ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть