Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ակցիան շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ակցիան շարունակվում է

2017-11-10 14:02 , Общество, 1174

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ակցիան շարունակվում է

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես եկավ բաց նամակով՝ ուղղված պաշտպանության և կրթության ու գիտության նախարարներին։ Բաց նամակը մնաց անպատասխան, իսկ հանրային հանդիպումների բոլոր խոստումները չիրականացան։ Այս պարագայում, մեզ մնում է համախմբվել լսելի դարձնելու ուսանողական պահանջները»,-այս հայտարարությամբ ֆեյբուքյան իր էջում հանդես է եկել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամներն այսօր արդեն չորրորդ օրն է դասադուլ-բողոքի ակցիա են անցկացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծի դեմ, ըստ որի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակվում է: Նախագծով, որն ԱԺ-ում արդեն առաջին ընթերցմամբ անցել է, առաջարկվում է տարկետման իրավունք տալ այն ուսանողին, ով պայմանագիր կկնքի պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում, նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:

Բողոքի ակցիայի մասնակիցներին նախօրեին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին եղել նաև կրթության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման արդյունքներից դժգոհ՝ ուսանողները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը։

Այսօր նրանք մտադիր են բողոքի երթով շարժվել դեպի խորհրդարան՝ իրենց ձայնը լսելի դարձնելու. օրինագիծն այսօր երեկոյան քննարկվելու է ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Лента

Рекомендуем посмотреть