ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով օրերս հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության շարքերը լքելու մասին, ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ արված գրառմամբ անդրադարձել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցված փոխաբերությանը:
«Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել», — գրել է Աբրահամյանը:
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադառնալով ՀՀԿ-ից ու, առհասարակ, իշխանական համակարգից հեռացողների մասին շշուկներին՝ նախ ծիծաղելի էր որակել պնդումները, թե Հանրապետականից արտահոսք է սկսվել, վստահեցնելով, որ միայն վերջին մի քանի ամսիների ընթացքում իր ղեկավարած ուժին անդամագրվել է 11 հազարից ավելի մարդ, ապա՝ գետերի ու առվակների այլաբանությամբ նախազգուշացրել, որ հեռացողները ապագա չունեն. «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»,-ընդգծել էր Սարգսյանը: