Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցում հայ կնոջ և սևամորթ ամուսնու ու երեխայի ընտանեկան նկարի տակ կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաև իրեն: Այդ կապակացությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա: «Ինձ այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասսիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավորված է հայկական սփյուռքի բնականոն ընթացքը աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքը ակնկալել նաև նրանցից:»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, «Մարաշլյան» լուսանկարչության կենտրոնը վերջերս իր կայքէջում տեղադրել էր ընտանեկան լուսանկար, որում հայ կինը իր սևամորթ ամուսնու ու երեխայի հետ է։ Լուսանկարը արագորեն տարացվեց Ֆեյսբուք սոցիալական կայքում՝ արժանանալով հայկական տիրույթի օգտատերերի, մեծամասամբ, քննադատական գրառումներին: Օրեր անց լուսանկարչական կենտրոնը աղմուկ բարձրացրած լուսանկարը հեռացրեց իր կայքից: