ՀՀ և Արցախի զինուժի հարցերով պետական դավաճանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ և Արցախի զինուժի հարցերով պետական դավաճանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

2020-11-06 09:27 , Право, 1159

ՀՀ և Արցախի զինուժի հարցերով պետական դավաճանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն: Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)` նա, 2015-ին արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Ստամբուլում, հավաքագրվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից: Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, գումարի դիմաց Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերին, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, հայտնվելով այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ, որն ընդունելով՝ լրտեսության եղանակով իրականացրել է տրված առաջադրանքները և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել տարբեր չափերի գումարներ, այդ կերպ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայություններին ցուցաբերել է օգնություն:

Ընդ որում, որոշակի առաջադրանքներ կատարելու համար Մ.Ս.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, կրկնակի բժշկական հետազոտության միջոցով վերացրել է զինվորական ծառայությանը խոչընդոտող սահմանափակումները, միջոցներ է ձեռնարկել ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում՝ այդ եղանակով կրկին տեղեկություններ հավաքագրելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ պետությանը փոխանցելու նպատակով, ինչը սակայն նրան չի հաջողվել, քանի որ պատկան մարմինների կողմից մերժվել է նրան աշխատանքի ընդունելու դիմումը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ս.-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության»:

Лента

Рекомендуем посмотреть