Ռազմաճակատ մեկնած 6200 ոստիկանից զոհվել է 28-ը, վիրավորվել 150-ը, անհետ կորած է համարվում 43-ը - RadioVan.fm

Онлайн

Ռազմաճակատ մեկնած 6200 ոստիկանից զոհվել է 28-ը, վիրավորվել 150-ը, անհետ կորած է համարվում 43-ը

2020-11-13 15:29 , Общество, 1017

Ռազմաճակատ մեկնած 6200 ոստիկանից զոհվել է 28-ը, վիրավորվել 150-ը, անհետ կորած է համարվում 43-ը

Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների առաջին օրերից հերթափոխով ռազմաճակատ է մեկնել ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող, որոնք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ոստիկանությունը տարածած հաղորդագրությամբ մանրամասնում է․

«Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։

Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին:

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Միաժամանակ, ցավոք, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր դարձան նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության»:

Лента

Рекомендуем посмотреть