ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ մասին զգուշացնում է Գյուղատնտեսության նախարարությունը՝ գյուղացիական տնտեսություններին հորդորելով զգոնություն ցուցաբերել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքում:
«Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
Հաշվի առնելով, որ հանրապետության մի շարք մարզերում, (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ արգելվում է անտառային տարածքներում կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ: Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: «Գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար»,-հիշեցնում են գերատեսչությունից՝ նշելով, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն: