Հայկական զորքը դուրս է գալիս Քարվաճառից, ապամոտաժվում է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը. շրջանը վաղն անցնում է Ադրբեջանին - RadioVan.fm

Онлайн

Հայկական զորքը դուրս է գալիս Քարվաճառից, ապամոտաժվում է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը. շրջանը վաղն անցնում է Ադրբեջանին

2020-11-24 23:10 , Общество, 1464

Հայկական զորքը դուրս է գալիս Քարվաճառից, ապամոտաժվում է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը. շրջանը վաղն անցնում է Ադրբեջանին

Հայկական երկրորդ հանրապետություն մուտքն ազդարարող «Բարի գալուստ Արցախ» գրությամբ ցուցանակն ապամոնտաժվում է:

«Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Հայրապետյանը՝ հրապարակելով ցուցանակի ապամոնտաժումը փաստող լուսանկար:

FrancePresse լրատվական գործակալությունն էլ տեսանյութ է հրապարակել, որին կից գրառումից տեղեկանում ենք, որ հայկական ռազմական շարասյունը դուրս է գալիս Քարվաճառից՝ շրջանը վաղը Ադրբեջանին հանձնելուց առաջ:

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձներ Քարվաճառի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը: Այդ օրը, սակայն, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը, հետաձգելու խնդրանքով: Ըստ այդմ՝ վաղը Հայաստանն Արցախին կապող Քարվաճառի շրջանը կհանձնվի ադրբեջանցիներին։

Հավելենք, որ, ըստ հայտարարությամբ ամրագրված ժամանակացույցի, Աղդամի շրջանը վերադարձվել է Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Լաչինի շրջանը պետք է տրվի մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ կառավարության հրապարակած ցանկի, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Արցախի 7 շրջանների 121 բնակավայրեր:

Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Лента

Рекомендуем посмотреть