Մեր հրամայականը հետևյալն է՝ պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Մեր հրամայականը հետևյալն է՝ պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը. Փաշինյան

2020-11-26 14:36 , Политика, 926

Մեր հրամայականը հետևյալն է՝ պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը. Փաշինյան

«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ: Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները: Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը»,-այդ մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է:

Փաշինյանը խնդրեց նախ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը:

«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա»,-ասաց նա:

Փաշինյանը, տեղեկացնելով, որ արցախահայերին աջակցության արդեն 2 միջոցառում է հաստատվել, ընդգծեց, որ առաջիկայում կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի նմանությամբ:

«Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը: Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով, որ ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու:

«Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

Հայ ժողովրդի և հայ քաղաքացիների ստեղծարար ներուժն անսպառ է, և մեր առաջիկա կարևոր անելիքն այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա: Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատն սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»,-իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ իր նախագծած ճանապարհային քարտեզի 15 առաջնահերթությունների իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ է կատարում: Այս ընթացքում տեղի է ունեցել Պաշտպանության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների նախարարների փոփոխություն: Առաջիկայում սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն:

Лента

Рекомендуем посмотреть