Հայ գերիներին Բաքվի շքերթում պատվազրկել թույլ չտալու համար մշակութային գործիչները բողոքի ակցիայում կդիմեն միջազգային կառույցներին, Մարուքյանն էլ արդեն դիմել է - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիներին Բաքվի շքերթում պատվազրկել թույլ չտալու համար մշակութային գործիչները բողոքի ակցիայում կդիմեն միջազգային կառույցներին, Մարուքյանն էլ արդեն դիմել է

2020-11-26 23:23 , Политика, 1510

Հայ գերիներին Բաքվի շքերթում պատվազրկել թույլ չտալու համար մշակութային գործիչները բողոքի ակցիայում կդիմեն միջազգային կառույցներին, Մարուքյանն էլ արդեն դիմել է

Հայ մշակութային գործիչները որոշել են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով թույլ չտալ պատվազրկել հայ գերիներին Բաքվի շքերթում, վերադարձնել նրանց, ինչպեսև՝ զոհված զինծառայողների մարմինները։

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի և դերասան Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Քանի որ այս օր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00-ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավագվենք Շարլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։

Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝

1. Ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին

2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում

3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին

Շաբաթ օրը ժամը 14.00 ին ԵՍ, ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ , ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ լինելու ենք կինո Մոսկվայի դիմացի հրապարակում։

Ով կցանկանա միանալ մեր բողոքի ակցիային՝ կիսվեք ձեր ՖԲ էջերում։

#ԵՍ_ԵՄ_ՊԱՀԱՆՋՈՒՄ»:

Նշենք՝ այսօր ավելի վաղ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, թե Ադրբեջանը ծրագրում է հաղթական շքերթ, որին պատրաստվում է քայլերիթի հանել հայ գերիներին: Պատգամավորը հայ ռազմագերիների խնդրով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փեթեր Մաուրերին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։

«Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։

Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։

Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։

Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝

- Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից:

- Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված:

Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները):

Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»,-միջազգային կառույցներին հղած նամակի բովանդակությունն է ներկայացրել Էդմոն Մարուքյանը:

Лента

Рекомендуем посмотреть