Հայ գերիների փոխանակման, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցերի շուրջ զինդատախազը, վարչապետը քննարկում են ունեցել Human Rights-ի, ԿԽՄԿ-ի հետ - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիների փոխանակման, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցերի շուրջ զինդատախազը, վարչապետը քննարկում են ունեցել Human Rights-ի, ԿԽՄԿ-ի հետ

2020-11-27 22:43 , Право, 137

Հայ գերիների փոխանակման, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցերի շուրջ զինդատախազը, վարչապետը քննարկում են ունեցել Human Rights-ի, ԿԽՄԿ-ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը»,-փոխանցում են կառավարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ Քլեր Մեյթրոն էլ մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին:

«Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը»,-հավելում են կառավարությունից՝ մեկ այլ տեղեկատվությամբ էլ հայտնելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին, քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ էլ՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը այսօր ընդունել է «Human Rights Watch» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոքշինային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների և զինված ուժերի օգտագործմամբ, պատերազմ վարելու արգելված մեթոդների և զինատեսակների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության առարկա հանդիսացող փաստական հանգամանքները:

Կողմերն անդրադարձել են նաև սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին:

«Զինվորական դատախազը իր խոսքում կարևորել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերոպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը:

Տիկին Լոքշինան, առանձնակի մտահոգություն հայտնելով ռազմական գործողությունների ժամանակ անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ, պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,-մանրամասնում է Գոռ Աբրահամյանը։

Лента

Рекомендуем посмотреть