Ադրբեջանին պարտավորեցվել է մինչև նոյեմբերի 30-ը տեղեկություն տրամադրել Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց մասին. ՀՀ-ն շարունակում է ՄԻԵԴ փաստեր ներկայացնել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանին պարտավորեցվել է մինչև նոյեմբերի 30-ը տեղեկություն տրամադրել Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց մասին. ՀՀ-ն շարունակում է ՄԻԵԴ փաստեր ներկայացնել

2020-11-28 15:17 , Право, 952

Ադրբեջանին պարտավորեցվել է մինչև նոյեմբերի 30-ը տեղեկություն տրամադրել Գորիս-Շուշի հատվածից անհետացած 10 անձանց մասին. ՀՀ-ն շարունակում է ՄԻԵԴ փաստեր ներկայացնել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ ձեռնարկելու համար:

Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ նշելով, որ շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր:

«Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ:

Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին:

Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Նշենք՝ օրեր առաջ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը, իսկ նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն (ԱՀ ՄԻՊ) ահազանգեր էր ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին ԱՀ ու ՀՀ 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը: Ընդ որում՝ քաղաքացիները գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված և նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած հայտարարությունից հետո, երբ Արցախում արդեն տեղակայվել են ռուս խաղաղապահ ուժեր: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նոյեմբերի 16-ին Եվրադատարան էր ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:

Лента

Рекомендуем посмотреть