Փորձում ենք լսելի դարձնել այն խեղճ ծնողների ձայնը, ում երեխաները գերի են ընկել, չգիտեն՝ ՊՆ գնան, կառավարություն գնան, ուր գնան, որ իրենց լսեն. մտավորականները հրապարակում էին - RadioVan.fm

Онлайн

Փորձում ենք լսելի դարձնել այն խեղճ ծնողների ձայնը, ում երեխաները գերի են ընկել, չգիտեն՝ ՊՆ գնան, կառավարություն գնան, ուր գնան, որ իրենց լսեն. մտավորականները հրապարակում էին  

2020-11-28 15:10 , Общество, 1055

Փորձում ենք լսելի դարձնել այն խեղճ ծնողների ձայնը, ում երեխաները գերի են ընկել, չգիտեն՝ ՊՆ գնան, կառավարություն գնան, ուր գնան, որ իրենց լսեն. մտավորականները հրապարակում էին

«Փորձում ենք անել այն, ինչ-որ չի արվում, փորձում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց որդիները պատերազմի ընթացքում կորել են, փորձում ենք լսելի դարձնել այն խեղճ ծնողների ձայնը, ում երեխաները գերի են ընկել, չգիտեն՝ ՊՆ գնան, կառավարություն գնան, ուր գնան, որ իրենց լսեն: Փորձում ենք լսելի դարձնել այն ծնողների ձայնը, և սա ամենադաժանն է, ում երեխաները զոհվել են ու մինչ օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը»,- Շարլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկած մտավորականների հավաքին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դերասան Հրանտ Թոխատյանի հետ, մտահոգ լինելով տարածվող լուրերով, թե Ադրբեջանը ծրագրում է հաղթանակի շքերթ իրականացնել, որին պատրաստվում է քայլերթի հանել հայ գերիներին՝ բողոքի են դուրս եկել՝ միջազգային կառույցներից պահանջելով թույլ չտալ պատվազրկել հայ գերիներին Բաքվում սպասվելիք շքերթում։

«Կա երեք կետ, որոնք իմ ընկերների՝ Հրանտը Թոխատյանի ու Արմենը Գրիգորյանի հետ կրկնելու ենք՝

1.Ստիպել ադրբեջանական կողմը ազատի հայ գերիներին

2. Թույլ չտալ հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում

3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատների»,- ասաց Մհեր Մկրտչյանը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում չկա իշխանություն, ու իրենք պայմանավորվել են այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։

Հրանտ Թոխատյանն էլ նկատելով, որ «ամոթալի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ու դրա սահմաններից դուրս բազմաթիվ մարդիկ սկսել են զբաղվել հայ գերիների վերադարձի, զոհերի մարմինների դուրս բերման հարցերով, ահռելի ու կարևոր աշխատանք է կատարում Մարդու իրավունքների պաշտպանը, ասաց, որ նրա ու այդ գործում ներգրավված մարդկանց կողքին եթե կանգնեն, ապա կհասնեն դրական արդյունքների։

«Առաջարկում եմ կառավարության անդամները գնան հանձնվեն՝ մեր գերիներին հետ վերադարձնեն: Այն, ինչ կատարվում է հենց հիմա երկրում՝ սա մեր խայտարակությունն է, որը սերունդները չեն ների: Դավաճանները կգրվեն դասագրքերում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյան՝ ընդգծելով, որ երբեք բողոքի ցույցերի չի մասնակցում, բայց հիմա ամեն օր պետք է մասնակցի՝ մինչև հայ գերիների վերադարձը:

Հավաքին առաջարկվեց երախտագիտություն ու շնորհակալություն հայտնել բոլորին, ով որոնվում է որպես անհետ կորած, ով կյանքն է տվել հայրենիքի համար, ով պատերազմել է ու վերադարձել է:

«Շատ ասելիք չկա, պետք է լծվել գործին ու ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհով մեկ։ Եթե միանանք, ամեն ինչ կստացվի։ Մեր խոնարհումը նրանց, ովքեր չկան։ Մեր ուժն ու կորովը նրանց, ովքեր կան, ում ուզում ենք վերադարձնենք իրենց հարազատ օջախ, իրենց տուն, իրենց ծնողների, երեխաների մոտ։ Այ, դրանու´մ է ամենամեծ պատասխանատվությունը, խնդիրը, որը կա։ Ես չգիտեմ, այս օրերին ինչպես է ընդունված, բայց մտավորականներին, դերասաններին, որպես մեզ հարազատ մարդու, կոլեգայի, մենք բարձր ծափահարություններով ենք ճանապարհ դնում, որ լսելի լինի նրա համար։ Փորձենք դա հիմա էլ անել մեր տղաների համար, ու ավելի բարձր, ու, հնարավորինս բարձր»,- ասաց Հրանտ Թոխատյանը, որի հորդորին հետևեցին բարձր ու տևական ծափահարություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանն ու Մհեր Մկրտչյանը հավաքից հետո միաբանության կոչ են հղել՝ հայտնելով նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Ազատության հրապարակից մեկնարկելի միաբանության երթի մասին:

Հրանտ Թոխատյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ:

Սա միաբանության կոչ է:

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:

Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:

Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:

Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք.

վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ.

Եւ ԱՅՍՊԵՍ.

1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում

2. 12:00 երթի մեկնարկը

3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն

Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից:

Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով ՝բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը:

Հրանտ Թոխատյան

Մհեր Մկրտչյան

Արմեն Գրիգորյան»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть