«Տոնական ուսապարկեր Արցախի համար»․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախին օգնելու նոր նախաձեռնության մասին - RadioVan.fm

Онлайн

«Տոնական ուսապարկեր Արցախի համար»․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախին օգնելու նոր նախաձեռնության մասին

2020-11-30 19:54 , Культура, Шоу бизнес, 1299

«Տոնական ուսապարկեր Արցախի համար»․ Քիմ Քարդաշյանը՝ Արցախին օգնելու նոր նախաձեռնության մասին

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող Hidden Road Initiative հասարակական կազմակերպության «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որի նպատակն է տոնական ուրախություն պարգևել Արցախում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին:

«Փաթեթավորե՛ք փոքրիկի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև՝ նամակով և նվիրեք այն պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկահայ հեռուստաաստղը։

Նշենք՝ արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի նախաձեռնած պատերազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին, Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել էր՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն։

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել էր Քարդաշյանը՝ նշելով, որ իրենք աղոթում են խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու Արցախը և Հայաստանը։ Պատերազմի օրերին Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին, որի միջոցներից, ինչպես հաղորդվեց օրերս, օժանդակություն է տրամադրվել ՀՀ բյուջեին:

Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ թվիթերյան իր էջում Հայաստանի համար աղոթք-գրառում էր կատարել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթը։

Лента

Рекомендуем посмотреть