Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հնարավորությունը

2020-12-01 19:28 , Политика, 986

Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հնարավորությունը

Ադրբեջանը նախատեսում է դիմել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Ղարաբաղի մշակութային ժառանգության վերականգնման հարցով։

Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:

Նա ասել է, թե Ադրբեջանը քննարկում է Շուշի քաղաքը և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հնարավորությունը:

«Մենք անկեղծորեն համարում ենք, որ այս հեռանկարը շատ լավ է, քանի որ այս երկու վայրերը պատմության, մշակույթի և ճարտարապետության լավագույն օրինակներից են»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ իրենց ազգային փորձագետները միաձայն պնդում են, որ Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար դրանք համապատասխանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր չափանիշներին:

Անդրադառնալով Դադիվանքի վանական համալիրին, որը ներկայում գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը վերահաստատել է՝ այս հնագույն եկեղեցին հասանելի կլինի բոլոր համայնքների ուխտավորների համար:

«Եւ՛ հայ համայնքը, և՛ ադրբեջանական համայնքը հասանելիություն կունենան»,- հավաստիացրել է Քերիմովը:

Նշենք՝ Ադրբեջանի մշակույթի նախարարն ավելի վաղ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր, այդ թվում՝ հայկական համայնքի համար։

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Միխայիլ Բոչարնիկովն էլ վստահեցրել է, որ Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը։

Лента

Рекомендуем посмотреть