Ինչու՞ է թանկացել ալյուրը, ձուն, ձեթը, շաքարավազը և կարագը. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ է թանկացել ալյուրը, ձուն, ձեթը, շաքարավազը և կարագը. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է

2020-12-01 22:42 , Экономика, финансы, 1728

Ինչու՞ է թանկացել ալյուրը, ձուն, ձեթը, շաքարավազը և կարագը. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) հայտնում են, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաև այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու և գնահատելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաև այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան: Հանձնաժողովի կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ և գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։ Բացի այդ, Հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն: Գնային բարձրացումներ հայտնաբերելու դեպքում իրականացվել են մանրամասն ուսումնասիրություններ, օպերատիվ կարգով տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել են հիմնավորումներ և բացատրություններ, իրականացվել են համապատասխան հաշվարկներ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի դիտանցում։

Հանձնաժողովից հայտնում են, որ իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրվել է 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում:

Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

Ալյուր

Խոշոր առևտրային ցանցերը պահպանել են մինչև ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, և ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 80%):

2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսին՝ շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել)։

Միաժամանակ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն ներմուծել են նաև երրորդ երկրից՝ Վրաստանից։ Վրաստանից ձեռքբերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, հետևաբար դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։

Հավի ձու

Խոշոր առևտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։

Ներկայումս մշակման, վերլուծության և գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձևավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:

Բացի այդ, հարկ է նշել, որ Հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է, և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից և համապատասխան որոշում ընդունելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները։

Ուսումնասիրությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

աքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ

Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում նաև արձանագրել է, որ որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 %-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչև 1%, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։

«Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն»,-մանրամասնում են ՏՄՊՊՀ-ից:

Лента

Рекомендуем посмотреть