Կրակի դադարեցման վերահսկման միասնական կենտրոնում ռուս և թուրք պաշտոնյաների թիվը լինելու է հավասար. Կոնաշենկով - RadioVan.fm

Онлайн

Կրակի դադարեցման վերահսկման միասնական կենտրոնում ռուս և թուրք պաշտոնյաների թիվը լինելու է հավասար. Կոնաշենկով

2020-12-02 12:44 , Политика, 1004

Կրակի դադարեցման վերահսկման միասնական կենտրոնում ռուս և թուրք պաշտոնյաների թիվը լինելու է հավասար. Կոնաշենկով

Ադրբեջանի տարածքում տեղակայվելիք ռուս-թուրքական համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար է լինելու: Այդ մասին կայացած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Միասնական կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար»,-մասնավորապես ասել է Կոնաշենկովը:

Պաշտոնյան անդրադարձել է Ադրբեջանին Լաչինի շրջանի վերադարձին, Արցախը Հայաստանին կապող 5 կմ լայնությամբ միջանցքը ռուս խաղաղապահների կողմից վերահսկելուն:

Նրա փոխանցմամբ՝ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 847 քաղաքացի, իսկ հրադադարից հետո, ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայրեր վերադարձել են 26 000-ից ավելի փախստական:

«Սակրավորների կողմից ականազերծվել է 5 հեկտար տարածք և 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որը դուրս է բերվել պոլիգոն և ոչնչացվել: Այս ընթաքում, ընդհանուր առմամբ, վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա»,-ռուս խաղապահ ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն է ներկայացրել ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ շեշտելով, որ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի համակարգմամբ իրականացվում են նաև զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն կստեղծեն. պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել։

Лента

Рекомендуем посмотреть