Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա՝ քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության հնարավորությամբ - RadioVan.fm

Онлайн

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա՝ քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության հնարավորությամբ

2020-12-03 16:46 , Общество, 1068

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա՝ քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության հնարավորությամբ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որում այս պահին բուժում է ստանում 120 զինվոր, շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ:

«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաև հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից և վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից և յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաև վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները և պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն Հիմնադրամի, ինչպես նաև հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում, որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու և իրենց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաև մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետևանքները չհանգեցնեն իրենց կյանքի որակի անկման»,-ասված է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Օրերս հաղորդվեց, որ որոշում է կայացվել դրամահավաքի միջոցներից օժանդակություն տրամադրել ՀՀ բյուջեին՝ 52 մլրդ դրամի չափով դրամի չափով։

Лента

Рекомендуем посмотреть