Պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել մեղավորների փնտրտուքում․ Մանե Թանդիլյան - RadioVan.fm

Онлайн

Պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել մեղավորների փնտրտուքում․ Մանե Թանդիլյան

2020-12-07 16:11 , Политика, 910

Պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել մեղավորների փնտրտուքում․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։

Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։

Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։

Հստակ է մեկ սկզբունք՝ մեծ պատասխանատվությամբ և արժանապատվորեն հաղթահարել խորդուբորդ ճանապարհները։ Միանշանակ, ապահով երկրի երաշխիքը բարեկեցիկ և առողջ հասարակություն ունենալն է։ Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է։

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք:

Հետևաբար, վերապահված առաքելությունը պատրաստակամ եմ առաջնորդել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը ի շահ Արցախում ապրող քաղաքացիների բարեկեցության։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հազարավոր տղաների արյամբ սրբացած այս հողի պահպանման և նույնչափ քաջարի՝ տուն դարձող մեր քաղաքացիների՝ սոցիալապես ապահով, պաշտպանված և անվտանգ կենցաղը հաջողելու գործում անելիք ունի յուրաքանչյուր գիտակից և կարող հայ։

Յուրաքանչյուր կորցրած տարին, ամիսը, օրը դառնում է անդառնալի՝ ապագայի մեր տեսլականի կայացման հարցում։ Մենք պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել անցյալի քննարկումներում և մեղավորների փնտրտուքում։ Հակառակ պարագայում մեր ամեն օրը դառնում է անցյալ՝ նորանոր խնդիրներով։

Պետք է անենք առավելագույնը մեր հայրենիքի և ապագա սերունդների համար։ Բոլոր խոսքերի փոխարեն՝ նախընտրելով գործով լծվել այդ առաքելությանը։

Ապրելու է Արցախը…»,-ասված է Մանե Թանդիլյանի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 1-ին հայտնեց, որ ընդհատել է բուժումը և տեղափոխվել է Արցախ՝ ապրեցնելու այն։ Նա, միաժամանակ, նշել էր, որ սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Արցախի նախագահին, տեղեկացրել, որ որոշել է տեղափոխվել Արցախ և պատրաստ է օգնելու Արցախի ժողովրդին ուժերի ներածի չափով, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը խնդրել է դիտարկել մի քանի հնարավորություն։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ի հրամանագրով նա նշանակվեց Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Лента

Рекомендуем посмотреть