Արցախի համար հանգանակված գումարներից 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլար «Հայաստան» հիմնադրամը կտա «1000+»-ին - RadioVan.fm

Онлайн

Արցախի համար հանգանակված գումարներից 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլար «Հայաստան» հիմնադրամը կտա «1000+»-ին

2020-12-09 18:08 , Общество, 1063

Արցախի համար հանգանակված գումարներից 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլար «Հայաստան» հիմնադրամը կտա «1000+»-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին է փոխանցել 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

«Այս գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է:

Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին: Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն»,-մանրամասնում են Հիմնադրամից:

Նշենք՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։ Արցախում պատերազմական գործողությունների դադարից հետո հայտարարվեց, որ դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափը 170 միլիոն դոլար է, որից 52 մլրդ դրամի չափով օժանդակություն տրամադրվեվ ՀՀ բյուջեին։ Փաստը հանրության շրջանում անվստահություն և դժգոհություններ է առաջացել: Օրերս ԱՄՆ Գլենդել քաղաքի հայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամից պահանջել են թափանցիկ հաշվետվություն ներկայացնել հանգանակված միջոցներով իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, առավել հայտնի՝ «1000 դրամների, 1000+» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։ Այս տարեսկզբից հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում նաև 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին: Կառավարությունը, հիմք ընդունելով հանգամանքը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած հարձակման հետևանքով շահառուների թիվը աճել է, ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները գալիք տարվանից ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

Лента

Рекомендуем посмотреть