«60 օրից ավելի է՝ էս պատերի տակ մռնչում ենք՝ ոչ մի տեղեկություն չեն տալիս», «Կարմիր խաչը լապատկա չի վերցնի, զինվորի խրամատը չի քանդի-հանի»․ անհայտ կորած զինծառայողների հարազատները կրկին փողոցում էին - RadioVan.fm

Онлайн

«60 օրից ավելի է՝ էս պատերի տակ մռնչում ենք՝ ոչ մի տեղեկություն չեն տալիս», «Կարմիր խաչը լապատկա չի վերցնի, զինվորի խրամատը չի քանդի-հանի»․ անհայտ կորած զինծառայողների հարազատները կրկին փողոցում էին

2020-12-14 18:47 , Общество, 1230

«60 օրից ավելի է՝ էս պատերի տակ մռնչում ենք՝ ոչ մի տեղեկություն չեն տալիս», «Կարմիր խաչը լապատկա չի վերցնի, զինվորի խրամատը չի քանդի-հանի»․ անհայտ կորած զինծառայողների հարազատները կրկին փողոցում էին

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտյան ժամը 10։00-ից հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան (ՌԴ) առջև՝ խնդրելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցել իրենց զավակների գտնելու հարցում։

Հայկական կողմի քայլերը, նրանց դիտարկմամբ, շատ դանդաղ են ընթանում։

«Մեզ սարքել են հոգեկան հիվանդ, որին էլ նայես՝ ամիսներով չեն քնել, դեղերն էլ չեն օգնում։ Ո՞վ է մեր տերը։ Կարմիր խաչը լապատկա չի վերցնի, զինվորի խրամատը չի քանդի-հանի, տեխնիկա է պետք։ Ում են խաբում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Իրենց երեխեքը, որ տանից հելնում են՝ քանի՞ թիկնապահ է հետևում, քանի մեքենա է ուղեկցում, որ իրենց երեխուն բան չլնի։ Բա մեր երեխեքը արդեն 60 օրից ավելի է․․․ էս պատերի տակ մռնչում ենք՝ ոչ մի տեղեկություն չեն տալիս, ո՞ր մեղքն են գործել իրանց հանդեպ, որ հա՞յ ենք ծնվել»,-տարակուսեց մեկ ուրիշը։

Ռազմաճակատ կամավոր մեկնած Արարատ Կարապետյանի քույրն էլ նշեց, որ եղբայրը սեպտեմբերի 30-ին է զոհվել, բայց ոչ մի ցուցակում նրա անունը չկա, իրենք այլևս որևէ մեկից հույս չունեն։

Անհայտ կորած զինծառայողների հարազատները նաև բացասաբար արձագանքեցին կառավարության՝ իրենց ուղղված սոցիալական ծրագրերին, ըստ որոնց, հիշեցնենք, առաջիկա 6 ամիսներին նրանց ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կտրվի, բժշկական օգնությունն էլ կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում։

«Եթե սպայի աշխատավարձը կտրել են, 2 ամիս աշխատավարձ չեն տվել՝ ի՞նչ օգնության մասին է խոսքը։ Մի հատ չեն հետաքրքրվում՝ սպան կա, չկա, էդ զորքը ուր է՝ ինչ օգնության մասին է խոսքը»,-ասաց 3 երեխաների մայր, Ջաբրայիլում ծառայություն իրականացրած ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանի կինը։

«Զինկոմիսարիատը սկի զինվորիս անունը չունի, ամոթ է, մենք մեր երեխեքին ենք ուզում, մենք փող կտանք՝ թող մեր երեխեքին բերեն, տունս-տեղս կծախեմ՝ մենակ երեխուս հետ բերեն»,-հավելեց հավաքված ծնողներից մեկը։

Նշենք՝ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ՌԴ դեսպանի օգնականի հետ: Վերջինս խոստացած ծնողների պահանջը փոխանցել դեսպանին, առաջիկա 2 օրվա ընթացքում պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։

Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 13-ին, այն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։

Դեկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դեկտեմբերի 6-ին հայտնեց է, որ Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքները շարունակվելու են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:

Դեկտեմբերի 12-ին հաղորդվեց, որ երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում և, որ Ջաբրայիլում գտնվել է 20, Թալիշի հատվածում՝ 1 զոհված զինծառայողի մարմին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть