Մովսես Հակոբյանը խուսափողական պատասխաններ է տվել. ՀՔԾ-ն՝ գեներալի՝ բանակի լրահամալրումը կանգնեցնելու Փաշինյանի ձայնագրության մասին - RadioVan.fm

Онлайн

Մովսես Հակոբյանը խուսափողական պատասխաններ է տվել. ՀՔԾ-ն՝ գեներալի՝ բանակի լրահամալրումը կանգնեցնելու Փաշինյանի ձայնագրության մասին

2020-12-16 16:37 , Право, 1251

Մովսես Հակոբյանը խուսափողական պատասխաններ է տվել. ՀՔԾ-ն՝ գեներալի՝ բանակի լրահամալրումը կանգնեցնելու Փաշինյանի ձայնագրության մասին

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հերքել է տեղեկությունները, թե ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը վարույթն իրականացնող մարմնին տրամադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները:

ՀՔԾ տարածած հաղորդագրությունում ասված է․

«Նախօրեին «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվեց տեղեկատվություն, թե ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել են Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները, և, «Փաստինֆո»-ի բնորոշմամբ, դրա արդյունքում «վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում»։

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լրատվական կայքում հրապարակված վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Մ. Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից:

Այսպիսով, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շրջանառումից և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս այսուհետ նախապես դիմել և ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները, քանի որ նման գործելաոճը «անելանելի» վիճակի մեջ է դնում ոչ թե նախաքննական մարմնին, այլ առաջին հերթին` հենց տվյալ լրատվամիջոցին»։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում հանդես գալով ընդարձակ մամուլի ասուլիսով՝ հայտարարել էր, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։

Գեներալ Մ․ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել էր ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ։

Лента

Рекомендуем посмотреть