Եվրահանձնաժողովը լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտա ԼՂ-ում հակամարտության հետևանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց․ ՀՀ-ԵՄ տեղեկանք - RadioVan.fm

Онлайн

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտա ԼՂ-ում հակամարտության հետևանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց․ ՀՀ-ԵՄ տեղեկանք

2020-12-16 17:30 , Экономика, финансы, 1342

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտա ԼՂ-ում հակամարտության հետևանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց․ ՀՀ-ԵՄ տեղեկանք

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) այսօր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն (ԵՄ) հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական կայքում հրապարակել է տեղեկանք։

Ըստ այդմ՝

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու իր անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ ցուցաբերված նշանակալի աջակցությամբ, հատկապես դատական և ոստիկանական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանական և մի շարք այլ ոլորտներում։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագրի դրույթների մոտ 80%-ն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսից. համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ 27 երկրների կողմից վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո: ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցրել և այդ մասին Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանն է տեղեկացրել ԵՄ անդամ 25 երկիր։

Գործընկերության խորհուրդը հանդիսանում է ՀԳԸՀ-ով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրային մարմինը, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում: Նիստերին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է Արտաքին գործերի նախարարը, ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 21-ին, երկրորդը՝ 2019թ. հունիսի 13-ին:

Արևելյան գործընկերություն

ԵՄ հետ համագործակցության կարևոր հարթակ է Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափը: ԱլԳ օրակարգի մշակման հարցում Հայաստանի համար կարևոր են ԵՄ կողմից տարածաշրջանային կապակցվածության ներառական ծրագրերի նախաձեռնումը, ԱլԳ ամբողջականության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ԵՄ կողմից տարբերակված մոտեցման ցուցաբերումը:

ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը հանդիսանում է ՀՀ-ԵՄ օրակարգի կարևորագույն կետերից, որի շուրջ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների և թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ:

Խորհրդարանական գործընկերություն

Հայաստանի և ԵՄ միջև ակտիվ կերպով զարգանում է խորհրդարանական համագործակցությունը, որի հիմնական երկկողմ ձևաչափը Խորհրդարանական գործընկերության կոմիտեն է: Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը:

ԵՄ աջակցություն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման նպատակով ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսվել է ավելի քան 92 մլն եվրոյի չափով աջակցության փաթեթ, ինչը ենթադրում է և՛ նոր ֆինանսական միջոցներ, և՛ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում։

ԵՄ հումանիտար աջակցությունը

Նոյեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ հատկացնում է լրացուցիչ 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն՝ «ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության» հետևանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց համար։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 30-ին, ԵՄ հայտարարել էր լրացուցիչ 400,000 եվրոյի չափով մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման մասին՝ «ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության» հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ամենահրատապ կարիքները հոգալու համար։ Այս աջակցությունը լրացնում էր «շփման գծի երկու կողմերում» հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության համար հոկտեմբերի սկզբին ԵՄ կողմից հայտարարված 500,000 եվրոյի չափով նախնական հրատապ մարդասիրական աջակցությանը։

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть