«Հեռացիր», «Ազատ, անկախ Արցախ». Այս վանկարկումներով այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց «Ելք» դաշինի նախաձեռնությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեկ երեկոյան Ադրբեջանին արտահանձնելու փաստի առնչությամբ: Ակցիայի մասնակիցները խստորեն դատապարտել են Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատությունը ոտնահարող այս քայլը՝ այն համարելով վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: «Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Բելառուսի դաշնակցային իրավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի անվտանգության ապահվման գործոն լինել»,-ընդգծել է դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի Բելառուսի դեսպանը լքի Հայաստանի տարածքը, իսկ ՀՀ իշխանություններից պահանջել են ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
Դեսպանատան դռան զանգերն անարձագանք են մնացել: Աշխատակիցը ներսից փոխանցել է, որ դեսպանը տեղում չէ, իսկ դիմումը ոչ ոք չի կարող ընդունել։