«Դեկտեմբերի 22-ը դառնալու է մեր պայքարի ամենավճռական օրը». «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում համահայաստանյան գործադուլ և դասադուլ անել - RadioVan.fm

Онлайн

«Դեկտեմբերի 22-ը դառնալու է մեր պայքարի ամենավճռական օրը». «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում համահայաստանյան գործադուլ և դասադուլ անել

2020-12-16 21:18 , Политика, 1315

«Դեկտեմբերի 22-ը դառնալու է մեր պայքարի ամենավճռական օրը». «Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում համահայաստանյան գործադուլ և դասադուլ անել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն այսօր Երևանում կրկին «Արժանապատվության երթ» է անցկացրել, որը մեկնարկել է Կրկեսի հրապարակից, կանգ առել Դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի առջև՝ ավարտվելով Ֆրանսիայի հրապարակում:

Երթի մասնակիցները ոստիկաններին հորդորել են միանալ երթին, պաշտպանել ժողովրդի իրավունքները:

«Հարգելի սպաներ, դուք կոչված եք պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները։ Դուք այս պահից սկսած պետք է դադարեք դառնալ այս խելագարի ձեռքի գործիքը և կատարել իր որոշումները։ Ձեր մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք օրենքի շրջանակում են աշխատում։ Կան մարդիկ, ովքեր այս օրերին դուրս են եկել համակարգից ՝ պահելով սպայի պատիվը, չկատարելով ապօրինի հրահանգներ և որոշումներ։

Դուք պարտավոր եք գործել օրենքի շրջանակներում, չդառնալ այդ խեղկատակի ձեռքի գործիքը, հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք այդ դավաճանական գործողությունները, որն իրականացվել է մեր պետության և ժողովրդի գլխին»,-իրավապահներին է դիմել Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ազգային անվտանգության շենքի առջև էլ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, դիմելով կառույցի աշխատակիցներին, հորդորել է պաշտպանել ազգային շահը։

«Այսօր մեր ազգային շահը Նիկոլ Փաշինյանը դարձրել է ադրբեջանական շահ, մեր ազգային երազանքը դարձրել է ադրբեջանական երազանքի իրականացում և վերջապես ՀՀ ազգային օրակարգը դարձրել է անտերության հանրապետություն,որով դուք պաշտպանում եք միայն իրեն։ Այսօր ՀՀ-ում պետք է լիներ մի ազգային օրակարգ՝ հեռացնել նրան, որպեսզի չունենանք նոր գերիներ։ Ոչ մեկ չի զբաղվում մեր գերիների վերադարձմամբ, անհետ կորածների խնդրով, ոչ մեկ։ Այս մարդիկ չգիտեն ինչ անեն»,-հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը:

Դատախազության առջև մասնակիցները կոչ են արել, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին:

Երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 22-ը՝ երեքշաբթի օրը, պայքարի ամենավճռական օրն է լինելու՝ հայտարարվելու է համապետական գործադուլ, դասադուլ:

«Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է մոռանա առօրյան. Այդ օրը ժամը՝ 12։00-ից սկսած, հայտարարվում է համահայաստանյան գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ ամբողջ հանարապետության տարածքում։ Ժամը 12։00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ վաղը Արժանապատվության երթը շարունակում են նույն պահանջով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մինչ այդ՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին, կրկին «Արժանապատվության երթ» կանցկացնի, որը կմեկնարկի Թումոյի այգուց: Իսկ շաբաթ օրը կկազմակերպվի հանրահավաք և սգո երթ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть