Վարչապետը մասնակցել է սգո երթին, ծնկի իջել արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին - RadioVan.fm

Онлайн

Վարչապետը մասնակցել է սգո երթին, ծնկի իջել արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին

2020-12-19 18:27 , Политика, 2380

Վարչապետը մասնակցել է սգո երթին, ծնկի իջել արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր և որդու հետ մասնակցել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակին նվիրված բազմահազարանոց սգո երթին:

Դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն Հանրապետության հրապարակից մեկնարկած երթն անցել «Հաղթանակ» կամրջով, Իսակովի պողոտայով։ Վարչապետի հետ առաջին շարքերում էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, օրենսդիր և գործադիր իշխանության անդամներ։

Նշենք՝ ավելի վաղ զոհված զինծառայողների մայրերը հայտարարել էին, որ շրջափակելու են Եռաբլուրը և թույլ չեն տալու, որ վարչապետը մուտք գործի տարածք։

Նիկոլ Փաշինյանը, այդուամենայնիվ, «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների ներքո շրջել է Եռաբլուրում, ծնկի է իջել զոհված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Նշենք՝ մինչ երթի մեկնարկը ժողովրդին հղած ուղերձում ՀՀ վարչապետը նշել էր, որ այն խոնարհման, մտածումի և խոստումի երթ է լինելու․

«Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք՝ մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, մեր լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարելու, Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,-ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարված:

Лента

Рекомендуем посмотреть