Նոր տոն՝ ազգային օրացույցում - RadioVan.fm

Онлайн

Նոր տոն՝ ազգային օրացույցում

2017-02-09 12:55 , Общество, 1074

Նոր տոն՝ ազգային օրացույցում

Մարտի 3-ն այսուհետ Հայաստանում կնշվի որպես գործարարի օր: Համապատասխան որոշման նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում: «Մարտի 3-ը որպես «Գործարարի օր» տոնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակը»,-նախագիծը գործադիրին ներկայացնելիս ընդգծել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախագծին վարչապետ Կարեն Կարապետյանը հումորով է արձագանքել՝ «Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լիներ»:

Գործադիրում լիահույս են, որ ազգային տոնացույցում Գործարարի օրվա ամրագրմամբ ոչ միայն հարգանքի տուրք կմատուցվի իր գործերով հայ ժողովրդի մեծագույն սերն ու հարգանքը նվաճած մեր ազգի արժանավոր զավակին, այլև հանրության ու նոր սերնդի ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի այն գործարարներին, ովքեր արդեն իսկ ազգօգուտ գործերով ձգտում են նմանվել Ալեքսանդր Մանթաշյանցին:

«Կարևորելով գործարարի դերը պետության տնտեսության զարգացման, հետևաբար ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ` կարծում ենք, որ արժանին պետք է մատուցել գործարարներին` գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

«Նավթի արքա» մականունը ստացած թիֆլիսահայ Ալեքսանդր Մանթաշյանցը արդյունահանելով Բաքվի նավթի կեսից ավելին՝ իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: Նավթարդյունաբերության ոլորոտում առևտրային գործունեությունից զատ՝ Մանթաշյանցը հասարակական և բարեգործական մեծ աշխատանքներ է կատարել։ Նա հովանավորն է եղել Կովկասի ամենախոշոր որբանոցի, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայազգի մեկենասի աջակցությամբ է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուրն ունեցել, որը Մանթաշյանցը կարգադրել է բերել Գերմանիայից:

Лента

Рекомендуем посмотреть