Վերաքննիչ դատարանի որոշմամբ ԱԺ-ում անկարգությունների գործով կալանավորված եվրոպայի չեմպիոնն ազատ է արձակվել - RadioVan.fm

Онлайн

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ԱԺ-ում անկարգությունների գործով կալանավորված եվրոպայի չեմպիոնն ազատ է արձակվել

2020-12-21 15:34 , Право, 1186

Վերաքննիչ դատարանի որոշմամբ ԱԺ-ում անկարգությունների գործով կալանավորված եվրոպայի չեմպիոնն ազատ է արձակվել

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված, ապա կալանավորված անձանցից երկուսի խափանման միջոցը փոփոխվել է:

Մեր տեղեկություններով, Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է կալանավորված եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի և 19-ամյա Դ. Տ-ի պաշտպանների բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումները:

Այսպիսով, դատարանը մերժել է ԱԱԾ հատկապես կարևոր գործերով քննիչի միջնորդությունները և անհապաղ ազատ արձակել Հարություն Մերդինյանին և 19-ամյա Դ. Տ-ին կալանքից:

Ըստ մեր տեղեկությունների՝ կալանավորված 19-ամյա երիտասարդ կինը մանկահասակ երեխա ունի:

Նշենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի (ԱԺ) շենքերում զանգվածային անկարգությունների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրած հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, կեսգիշերից հետո, տասնյակ քաղաքացիներ լի բարկությամբ՝ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ: «Չենք տալու», «չենք տալու»... բղավում էին նրանք՝ պահանջելով Փաշինյանին դուրս գալ ու հենց հրապարակում պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ։ Նրանցից մի քանիսը, կոտրելով կառավարության շենքի պատուհանները, Նիկոլ Փաշինյանին գտնելու նպատակով ներս էին մտել։

Лента

Рекомендуем посмотреть