«Այս վառարանը էստեղից մի պայմանով կհելնի՝ կամ ես կալանավորվեմ, կամ՝ Նիկոլը հեռանա»․ տասնյակ մարդիկ գիշերել են Հանրապետության հրապարակում - RadioVan.fm

Онлайн

«Այս վառարանը էստեղից մի պայմանով կհելնի՝ կամ ես կալանավորվեմ, կամ՝ Նիկոլը հեռանա»․ տասնյակ մարդիկ գիշերել են Հանրապետության հրապարակում  

2020-12-23 11:55 , Общество, 1528

«Այս վառարանը էստեղից մի պայմանով կհելնի՝ կամ ես կալանավորվեմ, կամ՝  Նիկոլը հեռանա»․ տասնյակ մարդիկ գիշերել են Հանրապետության հրապարակում

Չնայած տեղացող ձյանը և ցրտին՝ «Հայրենիքի փրկության շարժման» տասնյակ աջակիցներ գիշերել են Հանրապետության հրապարակում՝ վրաններում։

Ցրտից պաշտպանվելու համար նրանք երկաթե տակառների մեջ գիշերը կրակ են վառել, տարածքում վառարան տեղադրել, որի վրա լուսաբացին կարտոֆիլ էին խորովում։

Հաստատակամ են՝ մնալու են մինչև իրենց պահանջի իրագործումը, այն է՝ վարչապետի հրաժարականը։

«Մեր ազգի հետ պետք է կանգնենք, ոչինչ, մրսելը էական չէ», «Հայրենիքի շահը պահանջում է, որ այստեղ լինենք», «Այս վառարանը էստեղից մի պայմանով կհելնի՝ կամ ես կալանավորվեմ, կամ՝ Նիկոլը հեռանա։ Հայաստանը մեր տունն ա, չէ՞, ես էլ իմ տան մեջ փեջ եմ վառել»․ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեցին հրապարակում գիշերած քաղաքացիները։

«Մարդիկ պետք է արդեն մեծ խմբերով տանից դուրս գան ու հասկական, որ այստեղ աթոռակռիվ չի գնում, էստեղ պետություն փրկելու խնդիր կա։ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն առ այն, որ ինքը երկրի ղեկավար է մնալու մեկ տարի՝ դա է փաստում։ Մենք ունենք խնդիր՝ մեր երեխաներին փոխանցել ապահով երկիր, որտեղ չենք ունենա սահմանի համար պայքարող գյուղացի, իսկ Սյունքում փաստացի գյուղացին դա է անում, ինչը պետության ֆունկցիան է։

Մեզ պետք է քաղաքական գործիչ, անձ, որի խոսքի հետ հաշվի կնստեն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հաշվի է նստում միայն Իլհամ Ալիևը, քանի որ այս պահին գծվող սահմանները ի օգուտ են միայն Ադրբեջանին։ Եռակողմ փաստաթղթում շահող դիրքում Ադրբեջանն է, հաշվի չի առնվում մեր կարծիքը։ Իսկ այդ փաստաթղթից մենք միանշանակ որոշակի օգուտներ կարող ենք քաղել, և հետագա բանակցային փուլում ունենանք շահեկան դիրքեր, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ դիրքերում լինել»,-ընդգծեց հրապարակում գտնվող քաղաքացիներից մեկ ուրիշը։

Հանրապետության հրապարակում տիրող տրամադրությունները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 17 քաղաքական ուժերը՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան», «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «ազգադավ համաձայնագիր, մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ նոյեմբերի 11-ից ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, «Արժանապատվության երթ»-եր, հիշատակի միջոցառումներ, խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Խորհրդարանական և արտախորհրդարանական այդ ուժերը նաև ներկայացրել են անցումային կառավարության վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն օրեր առաջ հայտարարեց, որ դեկտեմբերի 22-ն իրենց պայքարի ամենավճռական օրն է լինելու․ երեկվանից հայտարարվել է գործադուլը, դասադուլ, խաղաղ անհնազանդության ակցիաներ ամբողջ հանրապետությունում։ Երեկ հանրապետության հարթակում տեղադրված բեմից հայտարարվեց, որ «այդտեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը», քաղաքացիները վրաններ տեղադրեցին։ Հավաքվածները երեկ մինչև 18:00-ն ժամանակ էին տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք, սակայն, չեղավ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց՝ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։

Շարժում այսօր ևս հայտարարել է համազգային գործադուլ և դասադուլ, լինելու են անհնազանդության ակցիաներ։ 16։00-ից Հանրապետության հրապարակում կանցկացնեն հանրահավաք։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть