«Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարում ոչ պաշտոնի համար է, ոչ՝ ունեցվածքի, աստծո կամքով է: Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»,- համագումարում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահը, ում համոզմամբ չլուծվող խնդիր չկա, պարզապես «պետք է նայենք պրոբլեմները, լուծումը և մեր պետության հնարավորությունները»:
ԲՀԿ առաջնորդը առկա խնդիրներից ամենացավոտը համարել է գյուղացիների ունեցած վարկերը. «Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորույթյունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել»,-ընդգծել է Ծառուկյանը:
ԲՀԿ նորընտիր առաջնորդն իր ելույթում քննադատաբար է վերաբերվել կուտակային կենսաթոշակային համակարգին. «Մարդկանցից այսօր փող են հավաքում որպեսզի 40 տարի հետո կենսաթոշակ տան, բայց այդ դրամը, որն այսօր հավաքվում է, պարզապես արժեզրկվելու է»,-ասել է նա։
Հիշեցնենք, շուրջ երկու տարի առաջ քաղաքական դաշտը լքած Գագիկ Ծառուկյանը հունվարի 17-ին հայտարարեց քաղաքական գործունեության փակված էջը բացելու և 2017թ. խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին: