Ադրբեջանցիները Որոտանում տան տերերին մեկ ժամ են տվել տունն ազատելու համար․ Գորիսի փոխքաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները Որոտանում տան տերերին մեկ ժամ են տվել տունն ազատելու համար․ Գորիսի փոխքաղաքապետ

2020-12-22 15:54 , Общество, 900

Ադրբեջանցիները Որոտանում տան տերերին մեկ ժամ  են տվել տունն ազատելու համար․ Գորիսի փոխքաղաքապետ

Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։ Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա։ Եթե առաջնորդվում ենք GPS կոչվածով, ապա մեր սահմանում գտնվող տունը ի՞նչի է նորից թշնամին մեզանից պահանջում։ Էսա իրավիճակը և փաստորեն , երբ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը փորձում էր խոսել այս խնդիրների մասին, ձերբակալեցին, որպեսզի խոչընդոտող չլինի։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է նաև Քաջարան համայնքի ղեկավարը։ Պարզվում է` Սյունիքի բոլոր համայնքապետերը պետք է անխտիր մեկուսանան, որպեսզի Սյունիքը ադրբեջանցու հետ կիսելը առանց խոչընդոտների լինի»,-գրել է Գորիսի փոխքաղաքապետը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Նշվել էր, որ վիճարկելի տարածքով անցնող հատվածի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններին առնչվող Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածները՝ ընդգծելով, որ այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, որոնք այսօր իրենց մեղադրում են այդ օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ։ Արձագանքելով Փաշինյանի գրառմանը՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ «Նիկոլը էլի՛ ստում է։ 2010-ի օրենքը ոչինչ չի սահմանում ՀՀ պետական սահմանի մասով»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть